Դի Մարիան 4 խաղով որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար
ՍպորտՓարիզի ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան 4 խաղով որակազրկվել է «Մարսելի» հետ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում (0:1) տեղի ունեցած միջադեպի պատճառով, հաղորդում է France Football-ը:
32-ամյա ֆուտբոլիստը պատժվել է «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու համար: Նրա որակազրկումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 29-ից: Դի Մարիան կկարողանա մասնակցել «Ռեյմսի» դեմ հաջորդ հանդիպմանը, բայց բաց կթողնի «Անժեի», «Նիմի», «Դիժոնի» ու «Նանտի» հետ խաղերը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման ավելացված ժամանակում տեղի ունեցած զանգվածային բախման պատճառով կարմիր քարտ էին ստացել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարը, Լեյվին Կուրզավան, Լեանդրո Պարեդեսը և «Մարսելի» ներկայացուցիչներ Դարիո Բենեդետոն ու Ժորդան Ամավին։ Կուրզավան որակազրկվել է 6 խաղով, Նեյմարն ու Պարեդեսը՝ 2-ական, Ամավին՝ 3, իսկ Բենեդետոն՝ 1։