Արտաշատի 33-ամյա բնակիչը վիճաբանություն ժամանակ որսորդական հրացանով կրակել է երիտասարդի ոտքին (տեսանյութ)
ՀասարակությունՀունվարի 22-ին մի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի շրջանում հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի երիտասարդ։
Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, զուգահեռ ձեռնարկվեցին միջոցառումներ՝ պարզելու դեպքի վայրը։ Շուտով պարզվեց, որ նույն օրը Արտաշատի Աճառյան և Գրիգոր Զոհրապի փողոցների խաչմերուկում Արտաշատի մի քանի բնակիչների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել էր հրազենային վիրավորումը։
Հարուցվեց քրեական գործ։ Պարզվեց, որ վիճաբանության ընթացքում երիտասարդի ոտքին որսորդական հրացանով կրակել է Արտաշատի 33-ամյա մի բնակիչ։
Փետրվարի 18-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ոստիկանները սկսեցին որոնողական և բացատրական աշխատանքներ։
Ոստիկանության գործողություններն արդյունք տվեցին ամիսներ անց։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին Արտաշատի 33-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։ Նա ներկայացրեց նաև որսորդական հրացանը և հայտնեց, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Նշանակվել է փորձաքննություն։
Արտաշատի 33-ամյա բնակիչը կալանավորված է։
Քննությունը շարունակվում է։