Խաղաղության հաստատումից հետո մեր շատ հայրենակիցներ ավելի ակտիվ են ձգտում ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերել․ Փաշինյան
ՔաղաքականությունՈւզում եմ բոլորիս շնորհավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու առիթով, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում։ Քննարկումների շարք ենք ունեցել Վաշինգտոն մեկնելուց առաջ, տեքստի վերլուծություններ ենք ունեցել, և եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին պրոցեսին աջակցության համար։
«Զարգացումը էսպես է լինում։ Լուծում ես հարց, ի հայտ են գալիս նոր հարցեր, և լուծում ես այդ հարցերը, դրա արդյունքում ի հայտ են գալիս նոր հարցեր, և այդ հարցերի հետ առնչվելու արդյունքում է, որ տեղի է ունենում զարգացումը։ Համոզված եմ՝ այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ և զարգացման նոր հարթություն և այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան, արդյունավետությունը պետք է ավելին լինի ․․․ Առջևում շատ մեծ աշխատանք կա անելու։ Բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ, ստեղծագործ աշխատանք է և մենք բոլորս պետք է առավելագույնս կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,– ասաց նա։
Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ հիմա միտումներ են նկատվում, «ինչպես իրեն են ասել», որ խաղաղության հաստատումից հետո մեր շատ հայրենակիցներ ավելի ակտիվ են ձգտում ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերել։
«Կարևոր է, որ տեխնիկական հատվածները հնարավորինս մատչելի լինեն»,– նշեց նա։