«2020-ի հրեշտակները» Ֆիլմը քայլ առ քայլ ծնվում է մեր աչքերի առաջ»․ Ջիվան Ավետիսյան
ՄշակույթԿինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ու իր թիմը շարունակում են «2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքները, հանդիպումներն ու քննարկումները դերասանների ու բժիշկների հետ։
Ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում ֆիլմի ստեղծման ընթացքից նոր կադրեր է հրապարակել․
«Իմ կերպարներին ես վաղուց եմ ճանաչում․ նրանք իմ մտքերում ապրում են ինչպես կենդանի մարդիկ։
Այս օրերին նրանք սկսում են շնչել նաև դերասանների ներսում՝ քայլ առ քայլ ֆիլմը ծնվում է մեր աչքերի առաջ…»,- լուսանկարներին կից գրել է Ջիվան Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ ֆիլմը հարգանքի տուրք է արցախյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգած բուժաշխատողներին:
««2020-ի հրեշտակները» խոսում է ինքնության, ազգային բարձր արժեքների մասին, որի համար յուրաքանչյուրս այսօր անհանգիստ ենք: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր ինձ հետ կիսել են իրենց պատմությունները: Հավատացեք, դա այդքան էլ հեշտ չի եղել: Գալիս է մի ռեժիսոր և պատերազմ տեսած բժշկին, բուժաշխատողին ասում՝ «ուզում եմ ֆիլմ նկարել, պատմի՛ր»...ի՞նչ պատմի կամ որտեղի՞ց սկսի... ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի հետ հասել եմ անկեղծության շատ բարձր մակարդակի»,-Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր ռեժիսորը։









