Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է․ 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի
Իրավունք«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։
Նա նշեց, որ մեղադրանք է առաջադրվել նաև 167-րդ հոդված 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։
«Դատարանը բավարարել է քննիչի կալանքի միջնորդությունը՝ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 5 մլն դրամ»,- ասաց նա։
Ստացվում է՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու նրան ազատ արձակել։ Դատավորը քննել էր նաև Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ ու մերժել այն, սակայն դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը փետրվարի 1-ին մերժել էր բողոքը։