Ովքեր կարող են Հայաստանից մեկնել Ռուսաստան. Պարզաբանում է ԱԳՆ խոսնակը
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, խոսելով Ռուսաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրի մասին, հղում կատարեց Ռուսաստանի կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են այն քաղաքացիների կատեգորիաները, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների պայմաններում կարող են այցելել Ռուսաստան:
Բացի ՌԴ քաղաքացիներից, Ռուսաստան կարող են այցելել ՌԴ քաղաքացիների ընտանիքների անդամները, խնամակալները, հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող փաստաթղթերի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում:
Ռուսաստան կարող են նաև այցելել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր դա անում են բուժման նպատակով: Այս դեպքում ևս պետք է անձը հաստատող փաստաթուղթ: Անհրաժեշտ է նաև այն բուժհաստատության հրավերը, որտեղ պետք է տվյալ քաղաքացին ստանա բուժումը:
Ռուսաստան կարող են մեկնել նաև այդ երկրում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։
Նաղդալյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները շարունակում են աշխատել ռուսական կողմի հետ կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու և մուտքի արգելքի չեղարկման ուղղութամբ. «Այս պահի դրությամբ որևէ հստակ ժամկետ չեմ կարող հայտնել այս մասով»,-հավելեց նա: