4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Ոստիկանները պարզել են, որ երեխան՝ 4-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով և ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Սևանի բաժին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի հանձնարարականով երեխայի բնակության վայր է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: