Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել
Քաղաքականություն

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կրկին հայտնվել է գործող իշխանության անբարեհաճ վերաբերմունքի կիզակետում։ Ղուկասյանը, ով մարզպետ նշանակվելուց հետո հասցրել էր լեզու գտնել ընդդիմադիր համայնքապետերի հետ, նրանց բերել «կառուցողական երկխոսության դաշտ»՝ սուբսիդիաներ և դոտացիաներ առաջարկելով, Փաշինյանին երկար ժամանակ համոզում էր, որ կարող է առանց այլևայլությունների վերահսկել մարզը, իսկ համայնքապետերն էլ այժմ նվիրված են գործող վարչախմբին։
«Քաղպայմանագիրը» Սյունիքում միշտ էլ խնդիրներ է ունեցել։ Եվ պատճառը ոչ միայն մարզում առկա ընդդիմադիր տրամադրություններն են, այլև բուն ՔՊ-ում առկա հակասությունները։ Տարբեր ազդեցիկ կուսակցականներ փորձում են իրենց վրա քաշել կուսակցական վերմակը, մյուսներից ավելի ազդեցիկ և հարց լուծող դառնալ։ Մինչ վերջերս Ղուկասյանին հաջողվում էր կարգավորել խնդիրները, բայց իրավիճակն այնքան է թեժացել, որ բանը հասել է «դիվանբաշուն»։
Առաջիկայում, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն անձամբ է մեկնելու Սյունիք՝ տեղում հարցերը լուծելու, կուսակցականներին հանդարտեցնելու համար։ ՉԻ բացառվում, որ այդ այցից հետո Ղուկասյանը հրաժեշտ տա իր պաշտոնին։ Հատկապես, որ չի կարողանում հանդարտեցնել ծայր առած բողոքի գործողությունները։
Նոնա Ալավերդյան