Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. ԱԺ նախագահը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբ
ՀասարակությունԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով առաջարկում է վարորդներին տրվող 9 բալի փոխարեն տրամադրել 13 բալ: Այս մասին նա հայտարարեց «Ռադիո Ավրորայի» եթերում:
«Օրենսդրական նախաձեռնություն եմ մշակել իմ ընկերների հետ միասին, հեղինակները Երևանում աշխատող, ապրող վարորդներն են, որոնք ինձ փողոցում անընդհատ մոտենում էին ու հարցը քննարկում
Փոփոխությունը կվերաբերի բալերին, ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը տարեկան կսահմանվեն 9-ի փոխարեն 13-ը»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ Սիմոնյանի՝ ճիշտ կլինի, որ վարորդներն ընդհանրապես խախտումներ չանեն, բայց նա ասաց, որ մի քանի խախտումների համար էլ պատիժները կխստացվեն:
«Պետք է ասեմ, որ այդ փոփոխության մեջ մի քանի խախտման համար պատիժները կխստացվեն: Օրինակ՝ հարբած մեքենա վարելը կամ հանդիպակաց մտնելը»,- նշեց նա:
Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության մասին վարչապետի հետ նույնպես զրուցել են, քննարկել են ՆԳՆ-ի հետ:
«Ենթադրում եմ այս տարի օրենքը կընդունվի, հաջորդ տարվա առաջին եռամսյակից կգործի»,- տեղեկացրեց նա: