Վարժական հավաքների փոխարեն՝ դիրքեր
ՔաղաքականությունՀոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարությունն իր որոշման մեջ պնդում է, թե վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ։
Վերջին վարժական հավաքներն իրականում ավելի վաղ են մեկնարկել՝ սեպտեմբերի սկզբից։ Եվ դրանց նպատակը բոլորովին էլ պահեստազորայինների պատրաստումը չէ, այլ նախկինում զինծառայություն անցածներին մարտական դիրքեր տանելը, դիրքապահների ռոտացիան ապահովելը։ 25-օրյա հավաքների առաջին օրերին մեկ-երկու կրակային պարապմունք են անցկացնում, ապա երկու շաբաթով քշում դիրքեր։
Մեկ այլ գլխացավանք է պահեստազորայինների հավաքագրումը։ Զինկոմիսարիատները նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո պահեստազորայինների պատշաճ նույնականացում, հաշվեգրում անելու ընդունակ չեն։ Փոխարենը, հանում են հին մատյաններն ու առանց բացառության ծանուցումներ ուղարկում։ Շատերը չեն ներկայանում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, զորակոչվածների մի մասն էլ ուղիներ է փնտրում հավաքներից խուսափելու։ Իսկ դա կոռուպցիայի ուղիղ ճանապարհն է։
Արդյունքում, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ռազմաքաղաքական իշխանությունը ճամարտակում է բարեփոխումների մասին, իսկ իրականում ոչինչ չի արվում հայկական բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ։
Անուշ Արևշատյան