Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայում՝ հայ դասականների ծրագրով
ՀասարակությունՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանն ելույթներով հանդես է գալու Մոնտեվիդեոյի հեղինակավոր և ամենահայտնի Սոլիս համերգասրահում (հունիսի 25, 2024թ.)՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգին հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը։ Դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։ Համերգը նվիրվում է Արամ Խաչատրյանի հիշատակին։
Այնուհետև դաշնակահարը կուղևորվի Լա Պլատա գետի մյուս ափ՝ Բուենոս Այրեսի Բեթհովեն համերգասրահ (հունիսի 28, 2024թ.), որտեղ հանդես կգա մենահամերգի ձևաչափով՝ «Հայկական գունապնակ» խորագրով, որի ընթացքում Հայկ Մելիքյանը ներկայացնելու հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլոք։
Այս համերգները նպատակ ունեն ներկայացնելու հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բունեոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև խթանելու հարավամերիկյան բարեկամ երկու երկրների հետ մշակութային կապերի ամրապնդմանը»,- նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։
Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են՝ Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, Զուլամյան ընկերությունը, ՀՀ դեսպանությունները Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի հայ կենտրոնը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը և
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։