Ուղերձ ոչնչի և Փաշինյանի վախերի մասին
ՔաղաքականությունԵրեկ երեկոյան իշխանական մեդիան հայտարարեց, որ Փաշինյանը ուղերձ է հղելու հայ ժողովրդին։ Փաշինյանն ինքն էլ ուղերձից որոշ ժամանակ առաջ ճոխ թրեյլեր էր տարածել, թե ինչպես է պատրաստվում ուղերձին։
Մի քանի ժամ շարունակ հանրությունն ու սոցիալական ցանցերը տարբեր եզրակացություններ էին անում ուղերձի հնարավոր բովանդակության մասին։ Արդյունքում դա ուղերձ էր ոչնչի վերաբերյալ։ Փաշինյանն ըստ էության, բացարձակապես ոչինչ չի ասել, բացառությամբ մեկ բանի։
Տևական ժամանակ բառերի կույտ արտանետելով՝ նա պարզապես հանրությանը ծանուցել է, որ անկախ ամեն ինչից շարունակելու է սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ ուղերձի տեքստը վերջին պահին փոխվել է։ Փաշինյանը պետք էր իր ուղերձում անդրադառնար «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը» և նրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, բայց որոշել է ցույց չտալ սեփական վախերը, ընդհակառակը, սեփական կողմնակիցների մոտ տպավորություն ստեղծել, որ դեռևս վերահսկում է իշխանությունը, մյուս կողմից դա ուղերձ էր իրավապահ մարմիններին հնարավոր բոլոր կոշտ մեթոդներով կանխել ընդդիմադիր շարժման տարածումը, ինչպես նաև քարոզչական հնարք՝ սեփական կողմնակիցներին համոզելու իր և իր քաղաքական թիմի «ամրության» մասին։
Էդմոն Բարսեղյան