Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից
ՔաղաքականությունԱրդարադատության նախարարությունը երեկ խայտառակ մի պարզաբանում է տարածել՝ պատասխանելով իրավաբանների մտահոգություններին, թե սահմանազատման և սահմանագծման անվան տակ Ադրբեջանին են անցնում դեյուրե Հայաստանի Հանրապետության տարածքներ։
Պնդմանը, թե Կիրանցի բնակիչներին կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ են տրամադրվել, հետևաբար այդ տարածքները Հայաստանի տարածքներ են, Արդարադատության նախարարությունը հայտարարել է, թե համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների վրա, այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ ու պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարմամբ փաստի ուժով, խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։
Ըստ էության, Գրիգոր Մինասյանի ղեկավարած հիմնարկն իր վրա է վերցրել փաշինյանական վարչախմբի բոլոր ապօրինություններն օրինականացնելու առաքելությունը, հետևաբար կիսում է Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանին հսկայական տարածքներ նվիրելու պատասխանատվությունը։ Բնականաբար, թե՛ արդարադատության նախարարն ու իր ենթակաները, թե՛ մյուս կառույցների ղեկավարները հրաշալի հասկանում են իրենց քայլերի հետևանքները և ինքնակամ մտել են այսպիսի մի գործընթացի մեջ, իսկ Փաշինյանը ցանկանում է դավաճանության պատասխանատվությունը գցել արդեն ոչ միայն իր, իր թիմակիցների, այլև պետական ողջ համակարգի վրա՝ այդ կեպ թե՛ ամրացնելով իր իշխանությունը և թե՛ բոլորին հանցակից դարձնելով ստիպել ավելի մոլեռանդ կերպով հարձակումներ գործել ընդդիմության վրա։
Դեպի բռնապետություն սլացող Փաշինյանին պետք են ոչ թե զինակիցներ և կողմնակիցներ, այլ բացառապես հանցակիցներ, ինչն էլ, նշենք հանուն արդարության, գործող վարչախմբի պարագլուխն անում է փայլուն կերպով։
Արինա Պապինյան