Ֆրանսիան չինական Huawei ընկերությանը չի արգելի երկրում ներդրումներ կատարել
ՔաղաքականությունՖրանսիան չինական Huawei ընկերությանը չի արգելի երկրում ներդրումներ կատարել, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը:
France Info ռադիոյի հետ զրույցում նա նշել է, որ Ֆրանսիայում Huawei-ի դեմ արգելք չկա, բայց խոցելի ոլորտները պաշտպանվելու են: «Մենք Huawei-ին չենք արգելի ներդրումներ կատարել 5G-ում, մենք կպաշտպանենք ազգային անվտանգության ոլորտում մեր շահերը»,- ասել է Լե Մերը՝ հավելելով, որ ինքը չինական իշխանություններին հաստատել է Ֆրանսիայի դիրքորոշումը:
Այդուհանդերձ, նա դատապարտել է Չինաստանի ենթադրվող չարաշահումները երկրի մուսուլման փոքրամասնության նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք «նողկալի են եւ անընդունելի»:
Ամերիկացի փորձագետներն ու ակտիվիստները պնդում են, որ առնվազն մեկ միլիոն էթնիկ ույգուրներ եւ այլ մուսուլմաններ պահվում են Սինցզյանի բանտարկության կենտրոններում: Չինաստանը դա հերքում է:
Միացյալ Նահանգները չինական ընկերությունների վիզային սահմանափակումներ է մտցրել, որոնց թվում է Huawei-ն, որին ԱՄՆ-ն մեղադրում է մարդու իրավունքների խախտումներին օժանդակելու մեջ:
Մեծ Բրիտանիան ավելի վաղ որոշել էր 2027 թվականին իր 5G ցանցից հանել Huawei-ի սարքավորումները: