Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից
ՔաղաքականությունՀայաստանի կառավարության շենքում երեկ տեղի է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի քանի վարչական շրջանների ղեկավարների և գյուղացիների հետ: Հանդիպումը, որը տևել է 3 ժամ, թերևս առանձնակի արդյունքներ չի ունեցել, քանի որ տեղեկություն հայտնվեց, որ Տավուշից ժամանածների հետ առանձին հանդիպում է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը։
Ո՛չ Մհեր Գրիգորյանի, ո՛չ էլ Փաշինյանի հանդիպումների վերաբերյալ իշխանությունները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել, չեն հայտնել, թե ինչ են քննարկել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսակցությունը բավական ծանր է եղել։ Փաշինյանն ու Գրիգորյանը հայտարարել են, որ որևէ կերպ սահմանազատման գործընթացը կասեցնելու հնարավորութուն չկա, իսկ բողոքի ակցիաները սպառնում են նոր պատերազմի պատճառ դառնալ։
Հայտնի չէ, թե ինչ են պատասխանել ժամանած տավուշցիները, որոնք շատ դժգոհ են եղել իշխանության հայտարարություններից։ Ըստ ամենայնի, նրանք այսօր հանդիպման վերաբերյալ մանրամասներ կհայտնեն Կիրանցում և Ոսկեպարում արդեն 5-րդ օրը բողոքի ակցիաներ իրականացնող և միջպետական մայրուղին փակած հայրենակիցներին։
Իսկ մինչ այդ ճանապարհները փակ են պահվում, մարդիկ այս գիշեր ևս գիշերել են ճանապարհին, խարույկներ են վառել, փորձում են ակտիվացնել պայքարը հանուն Տավուշի 4 գյուղերի և Հայաստանի Հանրապետության։
Փոխվարչապետի գրասենյակը երեկ նաև հայտարարել է, թե Ոսկեպարի եկեկղեցին Ադրբեջանին չի հանձնվելու, մնալու է Հայաստանի տարածքում: Սա էլ, իհարկե, մասամբ է ճիշտ։ Սահմանազատումից հետո Ոսկեպարի եկեղեցուց մինչև Ադրբեջանական սահման մնալու է ընդամենը 10-20 մետր, ինչը գործնականում անհնար է դարձնելու եկեղեցի գնալու հնարավորությունը։