Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) թիկունքի հրամանատարությունը չեղարկել է հասարակական սահմանափակումները, որոնք մտցվել էին Իրանի գրոհի կապակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Այս փոփոխությունների շրջանակներում որոշվել է վերականգնել կրթական գործունեությունը ողջ Իսրայելում»,-ասվում է Իսրայելի զինվորականների Telegram ալիքում զետեղված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հյուսիսային սահմանի շրջաններում և Գազայի հատվածին մոտ գտնվող համայնքներում կվերսկսվեն կրթական միջոցառումները, սակայն՝ սահմանափակումներով։
Հրահանգը վերաբերում է նաև մանկապարտեզներին, համալսարաններին, դպրոցական էքսկուրսիաներին և ճամբարներին:
Բացի այդ, հանվում է հազարից ավելի մարդկանց ներկայությամբ հավաքների սահմանափակումը։