Այլակարծությունը խեղդամահ անելը վտանգավոր է երկրի ապագայի համար
ՔաղաքականությունԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին անհանգստացնում է, որ ելնելով ներկայի ներքաղաքական իրավիճակից շատ պաշտոնյաներ հարկադրված լռում են: Նրանք լռում են, քանի որ տեսնում են, թե ինչպես են խեղդվում, հալածվում այլակարծությունն ու առողջ քննադատությունը։
«Ինձ համար ցավ է, որ երկրի ապագան, անվտանգությունը դրվում է հարվածի տակ։ Վստահ եմ, որ իրական համակարգային, ամբողջական փոփոխությունները դեռ առջևում են, և դրանց մասին խոսելու, մտորելու դեռ շատ առիթներ կունենանք»,- վստահեցնում է Վանեցյանը։
Եվ իսկապես, ինչպես կարող է այլակարծությունը դառնալ հալածանքի առարկա, երբ առկա խնդիրների հանդեպ տարբեր մոտեցումների վերլուծության շնորհիվ է միայն հնարավոր գտնել ճշմարտության բանաձևը: Եվ դա չի կարող դառնալ մարդկանց հալածանքի ենթարկելու պայման նաև այն պատճառով, որ լռությունը ծնում է անտարբերություն, իսկ անտարբերությունը մղում է կործանման:
Ուստի, այլակարծությունը խեղդելու փոխարեն ժամանակն է, որ իշխանությունները կարողանան լայն դաշտ ապահովել բոլորի համար, որպեսզի անտարբերության ճիրաններում չփոշիանան կարող ուժերն ու ռեսուրսները: