Բաքվում կրկին անհանգիստ են. «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումը բավականին բուռն արձագանք է գտել հարևան և թշնամի Ադրբեջանում
Քաղաքականություն«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումը հարուցել է ոչ միայն գործող իշխանություների դժգոհությունը, այլ նաև բավականին բուռն արձագանք է գտել հարևան և թշնամի Ադրբեջանում։
Հատկապես այն օրը, երբ տեղի էր ունենում բրյուսելյան հանդիպումը և օբյեկտիվորեն պետք է, որ բոլոր կողմերի ուշադրությունն ավելի շատ սևեռված լիներ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը, ադրբեջանական առաջատար մի քանի լրատվամիջոցներում ոչ միայն տեղեկություններ, այլ նաև վերլուծություններ և հոդվածներ են հայտնվում «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծման մասով։ Բնականաբար բոլոր այդ հոդվածները քննադատական են, թշնամին ևս փորձել է ցեխ շպրտել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վրա՝ ընդ որում, օգտագործելով բացառապես փաշինյանական քարոզչության նարատիվները։ Առաջատարն այդ առումով, իհարկե, Բաքվի վարչախմբի ամենամոտ կանգնած պարբերականի՝ «Հաքքին ազի» վերլուծականն է, որտեղ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քարոզչամիջոցների կեղտոտ տեղեկությունները, Արշակ Կարապետյանին են վերագրել քայլեր և արտահայտություններ, որոնք բազմիցս հերքվել են։
Ադրբեջանական լրատվամիջոցներին, հատկապես վրդովվեցրել էր, որ, Արշակ Կարապետյանը ելույթ ունենալով կուսակցության համագումարում, խոսել է Արցախի դրոշի ֆոնին, իսկ համագումարի սրահում կախված է եղել նաև ռուսական դրոշը։ «Հաքքին ազի» վերլուծաբանը պնդում է, թե Արշակ Կարապետյանը որևէ շանս չունի հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։
Թշնամական լրատվամիջոցների բոլոր այս հայտարարությունները հարկ է վերագրել ոչ թե օբյեկտիվ վերլուծությանը, այլ հենց նրանց վախին։ Գիտակցում են, որ Հայաստանում կարող է իշխանության գալ համախմբելու ընդունակ քաղաքական ազգային ուժ և, բնականաբար պայքարում են նրա դեմ։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ գործում օգտագործում են հենց փաշինյանական իշխանության թեզերը։