Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը
Հուլիսի 15-ից Ռուսաստանը կդադարեցնի պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը երկիր ժամանողների համար, ասվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության» ղեկավարի հրապարակման մեջ։ Այժմ օտարերկրյա քաղաքացիները պետք է ունենան ռուսերեն կամ անգլերեն լեզվով կորոնավիրուսի բացասական թեստի փաստաթղթեր, որը կատարվել է Ռուսաստան ժամանելուց ոչ շուտ, քան երեք օր առաջ: Այն չունենալու դեպքում երկիր ժամանողները կարող են տեղում հանձնել այդպիսի թեստ, որի արդյունքը ստանալու համար, սակայն, անհրաժեշտ կլինի երեք օր։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ համաճարակի ընթացքի հետ կապված՝ երկրում գրանցվել է դրական դինամիկա։ Հուլիսի 13-ից Մոսկվայում կասեցվել է փողոցում դիմակներ կրելու պարտադիր ռեժիմը։