Հիմա սերը զտել են հրապարակից, և համերաշխության դրոշից մնացել է դրոշաձողը՝ որպես նախընտրական մուրճի կեղտոտ մի պոչ. Միքայել Նահապետյան
ՔաղաքականությունՄիքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսպես է ավարտվում պատմությունը: Առանց հատուկ լացուկոծի։ Եվ նույնիսկ հրավառություններով: Խաչատրյանի «Դիմակահանդեսի» հնչյունները լցվում են երեք ամիս առաջ իր գոյության ընթացքի ամենամեծ ողբերգությունն ապրած պետության գլխավոր հրապարակ:
Դիմակահանդես` երեսպաշտության այն հրապարակում, ուր ժամանակին սեր էր ու համերաշխություն: Հիմա սերը զտել են հրապարակից, և համերաշխության դրոշից մնացել է դրոշաձողը՝ որպես նախընտրական մուրճի կեղտոտ մի պոչ: Եվ արդեն որերորդ անգամ մենք վերադառնում ենք արատավոր շրջանի այն ելակետին, որտեղից բոլոր սրիկայությունների արդարացումները հանգում են երեխա պահելու փաստարկին, մեկնաբանելով՝ «տոն է պետք երեխաներին»:
Տոնեք, ի սեր Աստծո: Տոնեք ձեր տներում, բայց մի մոռացեք, որ կան երեխաներ, որոնց հրավառության այդ ձայները հիշեցնում են ընդամենը երեք ամիս առաջ տեղի ունեցած մի ուրիշ պայթյունի մասին: Մեծ պայթյուն, որ ոչ թե կյանք ծնեց, այլ մահեր, որ կլանեց այդ երեխաների բաժին Ձմեռպապիներին ու ձնեմարդուկներին, կլանեց այն տունը, որի ծխնելույզով պիտի իջներ երազանքներ կատարող Ձմեռ Պապը, կլանեց հրաշքների հանդեպ հավատն առհասարակ:
Ուրախանալը մեղք չէ, բոլորս էլ ունենում ենք ուրախության պահեր: Բայց պետական հովանավորությամբ, հանրային միջոցներով, երկրի սրտում հանրային տոնախմբությունը անմեղ ուրախության մասին չէ, այլ սարսափելի մի ուրիշ բանի, որ կհասկացվի, երբ կբացվի գաղթի հաջորդ ճանապարհը, և այդ ճանապարհին մարդիկ որբերի բերանից հացի փշուր խլելու հերթում պատրաստ կլինեն խեղդել իրար: Այսպես է ավարտվում պատմությունը: Առանց հատուկ լացուկոծի: Եվ նույնիսկ հրավառություններով: