Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդես է եկել ուղերձով, որում խոսել է ներկայիս կառավարության ձախողումների, տապալված սահմանադրական կարգի և երկրին պատուհասած բազմաթիվ այլ խնդիրների մասին, իսկ որպես առանցքային, բարդ և հրատապ լուծում պահանջող խնդիր Վանեցյանն առանձնացրել է հանրային համերաշխության հարցը:
Նա մասնավորապես նշել է՝
«Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաև դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում: Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետևանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է և հյուծվում:
Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը և համերաշխություն բերել մեր պետությանը: Փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին` կարգը, իսկ խելահեղությանը` բանականությունը»: