Երկու նախազգուշացում Ռուսաստանից
ՔաղաքականությունՌուսաստանից միանգամից երկու նախազգուշացում է երեկ ստացվել։ Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են չափազանց ծանր վիճակում, և կողմերը շարունակում են միմյանց տարբեր մեղադրանքներ հասցեագրել։ «Երևանում պետք է իրենց հաշիվ տան ցուցադրական սիրախաղի համար նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն պայքարում են մեր երկրի դեմ»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այս մասին ասել՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպմանը Մալթայում։ Այս հանդիպումը, ըստ Զախարովայի, «ցուցադրական հակառուսական քայլ» է։ Հանդիպումը կայացել էր «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակներում, և Զախարովան երեկ անդրադարձել է, թե՛ այս հանդիպմանը, թե՛ շաբաթներ առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցին Կիև, նաև Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հանդիպմանը։ «Ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,- նշել է Զախարովան։
Մեկ այլ նախազգուշացում էլ արել է Ռուսաստանի «Լիբերալ դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագրի ստորագրելու առաջարկին, որով կշրջանցվեր միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության պահանջները, Սլուցկին նշել է, թե դա կարծես «լավ դեմքի արտահայտություն է՝ վատ խաղի ժամանակ»։
Մինչ հայաստանյան որոշ պաշտոնյաներ փորձում են մեղմել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, Ռուսաստանը բացարձակապես արմատական է տրամադրված և ցանկություն չունի որևէ հարցում զիջման գնալու՝ անընդհատ դեղին քարտեր ցույց տալով Հայաստանի իշխանություններին։
Մարիետա Ղազինյան