Ռուսաստանը եւ Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձեւավորման հարցում
Ռուսաստանը եւ Բելառուսը փոխըմբռնման են հասել գազի միասնական շուկայի ձեւավորման եւ այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:
«Ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանակալի միջոցառում է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի եւ Բելառուսի էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը եւ (Վիկտոր) Կարանկեւիչը, ներկա են գտնվել նաեւ դեսպանության մարդիկ, ինչպես նաեւ («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել է: «…» Երեկ զեկույցներից ես հասկացա, որ հասունացել է ըմբռնումը, ինչը հարկավոր է առաջ տանել եւ շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել է դիվանագետը: Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել է գազի գինը նվազեցնել մինչեւ Սմոլենսկի մարզի մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: