Հայաստան են վերադարձել ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացիներ
Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են տեղափոխվել շուրջ 8 000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։
«Ընդ որում, 2200-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է՝ ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան:
Իսկ ընդհանուր առմամբ պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացիներ»,- գրել է Ավինյանը։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք՝ թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ: