Հավատացած եմ՝ արժանապատիվ խաղաղության պայմաններում Արցախի բարօրության և բարգավաճման բանաձևի իրագործումը սպառված չէ. Արթուր Վանեցյան
Քաղաքականություն«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը
Անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտահրավերներին, որոնց հարկադիր կերպով առերեսվում է Արցախն այս օրերին։
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարումն էական նշանակություն կունենա Արցախում ներքին կայունությունը, հանրային համերաշխությունը և միասնականությունը պահպանելու, Ադրբեջանի կողմից պարտադրված անօրինական շրջափակման հետևանքով ի հայտ եկած ճգնաժամի հետևանքները վերացնելու, անդառնալիից խուսափելու և Արցախն այս դժվարին ժամանակներում արժանապատվորեն առաջնորդելու գործում։
Կայացվելիք որոշումներն ու լուծումներն անշուշտ ճակատագրական և շրջադարձային են լինելու Արցախի և ողջ հայ ժողովրդի համար, սակայն հավատացած եմ, որ արժանապատիվ խաղաղության պայմաններում Արցախի բարօրության և բարգավաճման բանաձևի իրագործումը սպառված չէ, և Դուք բացառիկ հնարավորություն ունեք այդ հարցում հաջողելու համար։
Մաղթում եմ, որ այդ հնարավորությունը լավագույնս ծառայեցնեք Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը, այդ ճանապարհին չխուսափեք վճռական ու պատասխանատու որոշումներից և վստահ լինեք, որ արժանապատիվ ընթացքի դեպքում ունենալու եք ոչ միայն Ձեր ընտրողների, այլև ողջ հայ ժողովրդի աջակցությունը։
Թող Ձեր նախագահությունը խաղաղություն, կայունություն և բարգավաճում բերի Արցախի Հանրապետությանը։