Դուրս է բերվել 3 դի, 4-րդին որոնում են․ մեքենան ընկել է Վեդիի ջրատարը
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքում՝ ջրանցքում, ավտոմեքենա է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։