Ֆրանսիան մշտապես Հայաստանի հուսալի գործընկերն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՔաղաքականությունՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ նա կգործադրի առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ դեսպանը շատ ակտիվ է սկսել իր գործունեությունը, ինչը հավաստում է մեր երկրի մեծ բարեկամը լինելու փաստը: Ի պատասխան դեսպանը նշել է, որ ի պաշտոնե իր առաջին այցը եղել է Սյունիքի մարզ, ինչը կարեւոր հաղորդագրություն է պարունակում: ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Ֆրանսիան այսօր Հայաստանի հուսալի գործընկերն է:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությանը եւ հուլիսի 10-13-ը ՀՀ ԱԺ նախագահի Փարիզ կատարած աշխատանքային այցին:
Զրուցակիցները մանրամասներ են բարձրաձայնել տարածաշրջանի անվտանգային իրավիճակից եւ կարծիքներ փոխանակել Լաչինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ:
Երկուստեք պատրաստակամություն է հնչել հետագա փոխգործակցության շարունակականության մասին: