Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վթարից վիրավորված քաղաքացիներից 3-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։
Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր:
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։