Աշխարհը լայնորեն յուրացնում է արևային էներգիան
ՀասարակությունԱնցած տարի աշխարհում 49 %-ով ավելի շատ արևային վահանակներ են տեղադրել շենքերի տանիքներին, քան դրա նախորդ տարի, այդ մասին ասվում է «Solar Power Europe» ասոցիացիայի նոր զեկույցում։
Վերջին տվյալներով արևային էներգիայի ընդհանուր ծավալն աճել է ընդհանուր 45 %-ով և 2022 թվականի դրությամբ հասել 1,2 տրիլիոն վատի։ Սա գրեթե համարժեք է Եվրամիության ամբողջ էներգետիկ ծավալի 57 %-ին։ Ասոցիացիայի նախագահ Արիստոտելիս Չանտավասի խոսքով աշխարհը գիտակցել է, որ արդյունահանվող վառելիքի ճգնաժամ է, որը երբեք չի անցնում և հարկավոր է այլ ավելի արդյունավետ էներգիայի աղբյուրներ գտնել։
Ակնկալվում է, որ արդեն 2023 թվականին արևային վահանակների տեղադրման ծավալները 50%-ով կգերազանցեն 2022–ի ծավալները։ Աշխարհում ամենաշատ արևային վահանակները տեղդրվել են Չինաստանում, երկրորդ տեղում Միացյալ նահանգներն են, եռյակը եզրափակում է Հնդկաստանը։ Առաջին տասնյակում է նաև Բրազիլիան, Իսպանիան, Գերմանիան, Ճապոնիան, Լեհաստանը, Նիդեռլանդներն ու Ավստրիան։
Թեև առաջին եռյակը զբաղեցնում է ոչ եվրոպական երկրներ, սակայն ընդհանուր առմամբ Եվրամիության երկրները ընդհանուր ծավալով գերազանցում են նույնիսկ Չինաստանին։ Հատկապես արևային վահանակների տեղադրմամբ առաջատար են Իսպանիան, Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդներն ու Իտալիան։
Եվրամիությունը մեծ թափով զարկ է տալիս արևային էներգիայի սարքավորումների տեղադրմանը։ Դրան առավելապես նպաստել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
Հայաստանը, բնականաբար, առաջատար երկրների նույնիսկ հիսնյակում չկա։ Մեր երկիրը արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», և դեռևս չափազանց հետ է գտնվում արևի էներգիայի օգտագործման ծավալներով։
Թինա Սարիբեկյան