«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորեմ կա՛մ ես, կա՛մ Մանե Թանդիլյանը, իսկ Հայկ Մարությանի թեկնածությունը չի քննարկվել. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Ապրելի երկիր» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման շրջանակում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Ունենք հստակ որոշում, բնական է, որ մասնակցելու ենք ընտրություններին, քանի որ կուսակցության ստեղծման օրից ի վեր՝ մասնակցել ենք ՏԻՄ ընտրություններին և մի քանի տեղ բավականին լավ հաջողություններ ենք ունեցել, հաղթանակներ ենք արձանագրել, հաջորդ հանգրվանն, իհարկե, Երևանի ավագանու ընտրություններն են, որի վերաբերյալ որոշումը դեռևս ամիսներ առաջ էր կայացված»,-նշեց Առաքելյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի կա՛մ ինքը՝ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, կա՛մ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը. «Այս պահին ավելի շատ ընթանում են թիմի ձևավորման աշխատանքները, քանի որ խնդիրը ոչ միայն քաղաքապետի թեկնածուն է, այլև այն թիմը, որը կարողանալու է ոլորտներում բավականին մեծ պատասխանատվությամբ ղեկավարել Երևանը, ժամանակի ընթացքում ոչ միայն քաղաքապետի թեկնածուին, այլև ամբողջ թիմին կներկայացնենք»:
Հարցին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ կուսակցության քաղաքապետի թեկնածուն պետք է լիներ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, արդյոք եղել է նման քննարկում, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց՝ նման քննարկում չի եղել. Կուսակցությունը մասնակցելու է իր ցուցակով:
«Կուսակցությունն ունի որոշում ընտրություններին մասնակցել հենց կուսակցության անդամներից կազմված թիմով»: