«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Կուսակցության ղեկավարությունը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-իրանական հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։
«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդները ներկայացրել են Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության վտանգները տարածաշրջանում և մատնանշել, որ դրանք խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։
Դեսպանին է ներկայացվել նաև Արցախում ստեղծված իրավիճակը, ճգնաժամի հետևանքները և դրա խորացող վտանգները Արցախի համար։
Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում և հույս հայտնել, որ պաշտոնական Թեհրանը իր գործուն ազդեցությունը կունենա ուժերի հավասարակշռման և տարածաշրջանում նոր ագրեսիաների կանխարգելման հարցերում։