Ժամանակն է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը առանց հապաղման դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ. Ավետիք Չալաբյան
ՀասարակությունՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես շատերդ արդեն գիտեք, այսօր Ստեփանակերտից դեպի հարավ, Ղայբալու կոչվող տարածքում (ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում), թշնամու դիվերսիոն խումբը կրակ է բացել հայկական ոստիկանական մեքենայի վրա, որի արդյունքում ոստիկանության երեք սպաներ զոհվել են, մեկը ծանր վիրավոր է:
Մեր ոստիկանները դիմադրություն են ցույց տվել թշնամուն, նրանց հետագայում միացել են մոտակա դիրքերում գտնվող հայ զինծառայողները, արդյունքում թշնամին մարտի դաշտում մոտ 8-10 զոհ է թողել ու նահանջել է: Թշնամական պրոպագանդան արդեն սկսել է ոռնոցը, պահանջելով Պաշտպանության բանակի զինաթափում, և սպառնալով նոր մարտական գործողություններ սկսել Արցախի քաջարի ժողովրդի դեմ:
Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը առանց հապաղման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, և դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ կարգի հրավիրելու ագրեսորին: ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի որոշումից արդեն երկու շաբաթ է անցել, թշնամական պետությունը, փորձելով ամեն գնով խուսափել նրա որոշումը կատարելուց, գնում է հնարավոր և անհնարին բոլոր սադրանքներին: Մենք պետք է կանխենք դա, և դերև հանենք թշնամու բոլոր փորձերը՝ զինաթափելու և արդյունքում հայաթափելու Արցախը:
Մինչ այդ, իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկանների հարազատներին, և զորակցությունը Պաշտպանության բանակին, որը աննկարագրելի բարդ պայմաններում շարունակում է կատարել մեր ժողովրդի պաշտպանության իր կարևորագույն առաքելությունը: