35 տարի առաջ սկսված Արցախյան շարժումը հզոր կամքի ու արժանապատիվ պայքարի բացառիկ օրինակ էր. Մանե Թանդիլյան
Քաղաքականություն«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
35 տարի առաջ սկսված Արցախյան շարժումը միասնության, հզոր կամքի ու արժանապատիվ պայքարի բացառիկ օրինակ էր։
Անկախության և ազատության բացարձակ արժեք լինելու գիտակցումով՝ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց հանուն Արցախի հայկականության, սեփական հողում անկախ ապրելու…հանուն ԱՊՐԵԼՈՒ։
Շարժումը, հիրավի, համաժողովրդական էր, այն ևս մեկ անգամ ցույց տվեց հայ ժողովրդի անկոտրում կամքը, հայրենիքի հանդեպ անձնազոհ նվիրումն ու սերունդներին ամեն գնով անկախություն ժառանգելու մեծագույն ցանկությունը։
Ինչպես 35 տարի առաջ՝ այսօր էլ Արցախը ստիպված է հաղթահարել Ադրբեջանի բռնատիրական ցանկությունները, համամարդկային իրավունքների խախտումներն ու արժեքների ոտնահարումները։
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է, Արցախն ամեն գնով հայաթափելու և էթնիկ զտման մոլուցքն ահագնանում է ամեն օր։
Բայց ինչպես 35 տարի առաջ՝ այսօր էլ Արցախը կանգուն է։ Արցախն այսօր էլ պայքարում է շրջափակման դեմ՝ շրջափակման մեջ։ Արցախցու՝ սեփական հողում ու հայրենիքում ապրելու կամքն անկոտրում է, և ոչ մի սպառնալիք, ոչ մի ուժ ու ոչ մի սադրանք չի կարող ահաբեկել արցախցուն, այն արցախցուն, ով գիտի խաղաղ կյանքի գինը։
Արցախն ապրելու և լինելու է հայկական։