Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ հերթական աջակցությունը ցուցաբերելու համար
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի հետ։
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի մասին, նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար:
Բարերարի խոսքով՝ իր ընտանիքի` Արցախի հետ կապված բարեգործական նախաձեռնություններն այդքանով չեն սահմանափակվելու:
Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Արցախի ժողովրդին հերթական անգամ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նման հայրենանվեր ձեռնարկումները, հատկապես այս ծանր ու դժվարին օրերին, անսահման ուժ են հաղորդում արցախցիներին և օգնում արժանապատվորեն ու տոկունությամբ դիմակայել բոլոր մարտահրավերները: