Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․ Ռուբեն Վարդանյան
ՀասարակությունԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նրանք կոչ են անում անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Տիկին ֆոն դեր Լեյենը պատասխանատու է Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։
Մտահոգ մայրերը իրավացիորեն պահանջում են, որ իրենց երեխաները, ԵՄ երկրների երեխաների պես, տաք ու լուսավոր տներում ապրելու, նորմալ սնվելու, դպրոց ու մանկապարտեզ հաճախելու և բժշկական օգնություն ստանալու հնարավորություն ունենան։ Արցախի երեխաներն ունեն նորմալ կյանքի իրավունք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Փակելով գազատարը և հոսանքազրկելով Արցախը ձմռան պայմաններում, Ադրբեջանն ու նրա ղեկավարությունը 30 հազար երեխաների զրկում են այդ իրավունքից։
Ստեղծված ճգնաժամի պայմաններում կանայք դրսևորում են իրենց վճռականությունն ու ուժը: Նրանք մեր հերոսներն են և արդարության համար պայքարողները։ Այսօր նրանք մեզ համար հաստատակամության և դժվարություններին դիմակայելու օրինակ են ծառայում՝ հիշեցնելով բոլորիս բնորոշ մարդկայնության մասին։
Ես ողջունում եմ մեր կանանց նախաձեռնությունը և աջակցում եմ նրանց։ Ես հիանում եմ նրանց արիությամբ և տոկունությամբ: Յուրաքանչյուր ոք, ով կարող է օգնել նրանց, պետք է դա անի: Հանուն կյանքի, հանուն երեխաների, հանուն ապագայի, հանուն Արցախի։
Բաց նամակը հասանելի է change.org կայքում։