Արցախի պետնախարարը շեշտը դնում է ռազմավարական ուղղությունների վրա
ՔաղաքականությունԱրցախում ստեղծված ծանր սոցիալական և քաղաքական իրավիճակը կարգավորելու ջանքերին զուգահեռ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նաև մտածում է ռազմավարական ուղղությունների մասին, և գյուղատնտեսությունը այդ առումով կարևորագույն ուղղություններից մեկն է։
«Գյուղատնտեսությունը մեզ համար կարևոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով, մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ և՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ որակն ու մաքրությունը և՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,- նշել է Ռուբեն Վարդանյանը, ով երեկ Արցախի ներդրումային ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ տնօրեններին։
Պետնախարարը հայտնել է, թե միայն թափանցիկ գործունեության կազմակերպման միջոցով հնարավոր է ձեռք բերել հանրության վստահությունը և նպաստել Արցախում ներդրումային միջավայրի ակտիվացմանը։
Ըստ պետնախարարի, շրջափակումը նոր իրողություններ է ստեղծել, և հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ Բուն գյուղատնտեսության մասով Արցախի պետնախարարն ուշադրություն է դարձրել շրջափակման պայմաններում համակարգված և հետևողական աշխատանքի վրա։
Արցախի շրջափակումից մեկ ամիս անց գյուղատնտեսական մթերքների լուրջ դեֆիցիտ է նկատվում, շուկաներում և խանութներում գրեթե գյուղատնտեսական ապրանքներ չկան, ինչը վկայում է որ այդ հարցում նախկինում բավականին լուրջ թերացումներ են եղել և համապատասխան ուշադրություն չի դարձվել գյուղատնտեսությանը, ուստի և պետնախարարի կողմից ռազմավարական ոլորտների նկատմամբ ուշադրությունը հույս է տալիս, որ Արցախում իրավիճակը կշտկվի, իսկ նոր կառավարչական հմտություններ բերող թիմը կկարողանա լուրջ փոփոխություններ իրականացնել։
Մինաս Ազատյան