Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը
ՔաղաքականությունԱյսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Իրավիճակն էլ ավելի սյուրռեալիստական է դառնում, երբ պարզվում է, որ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։
Փաստորեն Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի մարմիններն ի դեմս ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի, մոռանալով իրենց բուն պարտականությունները, այն է ՝ երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների բացահայտման, դիմակայման հետ կապված գործառույթները, օրինականության պահպանման եւ արդարության վերականգնման պայտավորությունը, ջանասիրաբար զբաղվում են մի հարցով, որն ամբողջությամբ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ «սատանաներ բռնել և բացահայտել»: Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ ՀՀ պաշտպանական, իրավապահ, անվտանգային համակարգերն այնքան են հյուծվել, այլասերվել և զրոյացել, որ այդ համակարգերի հենասյուն հանդիսացող ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի երկրի ներսում վխտացող լրտեսներով, պետության առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերներով, ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի: Խորապես ցավում ենք այդ համակարգում աշխատող և ուսադիրներ կրող ծառայողների համար, որոնք ստիպված են իրականացնել Նիկոլ Փաշինյանի խելագար քաղաքականությունից բխող հանձնարարականները, դրանք հասցնելով աբսուրդի եւ անհեթեթության տեսակետից կատարելության: Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ եւ զավեշտալի դրսեւորումներ, որոնց պարագայում անգամ մեր քաղաքական պայքարի նպատակներն ու ուղղությունները մնալու են անշեղ»։