Նոյեմբերի 2-ին տեղի կունենա համատեղ ասուլիս ԱՏՁՄ վարչության անդամների և ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարների կողմից
ՀասարակությունՆոյեմբերի 2-ին /չորեքշաբթի/՝ 12:00, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում (Նիկոլ Դուման 12ա) տեղի կունենա համատեղ ասուլիս ԱՏՁՄ վարչության անդամների և ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարների կողմից։
Ասուլիսի թեման արտարժույթի արժեզրկման ազդեցությունն է ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության վրա և արձագանքը պետության կողմից ձեռնարկված քայլերին։
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։
Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, երկրում ստեղծված իրավիճակը խիստ անհրաժեշտ է վերոնշյալ նախագծի օր առաջ ընդունումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել տեղական ՏՏ և ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլև կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական և անվտանգային թիկունքի ապահովմանը։
Յուրաքանչյուր ուշացում կամ անգործություն ներկայացվող նախագծի ընդունման վերաբերյալ արդեն իսկ հանգեցնում է անդառնալի հետևանքների, ուստի ԱՏՁՄ-ն կոչ է անում ՀՀ Կառավարությանը առաջիկա Կառավարության նիստում ընդունել վերոգրյալ նախագիծը։