«Միասնություն» դաշինքը վստահ է՝ Բյուրեղավանում համոզիչ հաղթանակ է տանելու
ՔաղաքականությունՊատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Միասնություն» դաշինքը վստահ է՝ Բյուրեղավանում համոզիչ հաղթանակ է տանելու։
Երեկ «Արդար Հայաստան» կուսակցության անունից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև Բյուրեղավան համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» ու ԲՀԿ կուսակցությունների ձևավորած «Միասնություն» դաշինքի համայնքապետի թեկնածու, գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը քաղաքական հաշվեհարդար է իրականացնում «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրված Արմեն Սարգսյանի կնոջ՝ Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրեն Էլինա Հայրապետյանի նկատմամբ:
Այսօր ես զրույցի էի հրավիրել Հակոբ Բալասյանին և հանգամանալից խոսակցության ընթացքում փաստերով պարզել եմ, որ քաղաքական հաշվեհարդարի որևէ դրսևորում գոյություն չունի, մանկապարտեզի տնօրենը նկատողության է արժանացել միանգամայն հիմնավոր պատճառներով: Ավելին, ձեռքիս տակ ունեմ հիմնավոր փաստեր, թե ինչպես է Բալասյանի մրցակցի(կամ նրա կնոջ կողմից) կողմից մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունն օգտագործվում ընտրական, քաղաքական նպատակներով, ինչն ոչ միայն ապօրինություն է, այլև կրթական հաստատությունը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու արատավոր երևույթ:
Մեր մրցակիցները փորձում են արհեստական աղմուկի միջոցով, մի կողմից, քողարկել իրենց կատարած ապօրինությունը, մյուս կողմից՝ հանրային հետաքրքրություն հարուցել սեփական ընտրարշավի նկատմամբ:
ԲՀԿ-ի ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ձևավորված «Միասնություն» դաշինքը մրցակցային, օրինական ընտրությունների հիմնական ջատագովն է, որովհետև վստահ է որ` Հակոբ Բալասյանի ղեկավարությամբ, համոզիչ հաղթանակ է տանելու սեպտեմբերի 25-ի ընտրություններում: