Հայտնաբերվել է 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը
ՀասարակությունՁեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ օրեր առաջ 16-ամյա Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
Ինչպես տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին ժամը 20.00-ին Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Հուլիսի 16-ին ժամը 05.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: