Հուշարձանը չպետք է վերածվի կերուխումի վայրի. նախարարն անդրադարձել է մշակութային կոթողների տարածքներում միջոցառումներին
ՀասարակությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կարծում է՝ մշակութային հուշարձանների տարածքում չի կարելի մարդկանց արգելել մեկ գավաթ գինով շնորհավորել միմյանց հարսանեկան տոնի կամ կնունքի կապակցությամբ, սակայն պետք է լինեն որոշ սահմանափակումներ:
Այս մասին նախարարն ասաց հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ հիշելով ամիսներ առաջ Գառնու, իսկ օրերս Զվարթնոցի տաճարում կազմակերպված միջոցառումները, որոնք քննարկումների առիթ են դարձել:
«Մեր ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը օրինապաշտ կատարել է իր պարտականությունները: Դիմել են ՊՈԱԿ, որը դիմել է լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, և կարգի շրջանակում լիազոր մարմինը չի առարկել միջոցառման անցկացմանը: Միջոցառման անցկացման ընթացքում եղել են բովանդակային շեղումներ կարգից»,-շեշտեց նա:
Դումանյանի խոսքով՝ հուշարձանները հանրային արժեք են ու պատկանում են ժողովրդին: Ըստ նրա՝ եթե մարդիկ ցանկություն ունեն այդ սրբավայրերում, հուշարձանների տարածքներում ինչ-որ առիթ նշել, պետք չէ արգելել, բայց պետք է պահանջել, որ տարածքը չվերածվի կերուխումի, տարբեր ճաշատեսակների մատուցման, երկարատև կենացների, ազատ ոճի երաժշտության վայրի: Նախարարը նպատակահարմար չի համարում նման տարածքները երկար ժամանակով տրամադրելը:
«Հանձնարարել եմ վերանայել կարգը: Երբ ամեն բան պաշտոնապես չի հստակեցվում, միշտ խնդիրներ են առաջանում: Հուշարձանները չպետք է ռեստորանների վերածվեն, բայց, եթե մարդիկ ցանկանում են մեկ գավաթ գինով շնորհավորել կնունքը, հարսանյաց ծեսը, ասել ոչ, չի կարելի, իհարկե, այդ ողջ ընթացքում ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մտնել այդ տարածք, պետք է ունենա այդ հնարավորությունը: Հուշարձանը չի կարելի փակել այցելուների առաջ»,-եզրափակեց Վահրամ Դումանյանը: