«Բերձորի գողը» առանց պայմանագրի, առանց որևէ իրավական հենքի, առանց պայքարի ուզում է թշնամուն հանձնել Կյանքի ճանապարհը․ Էդգար Ղազարյան
Հասարակություն«Հայրենիքի գողեր», Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում այսպես բնորոշեց գործող իշխանությանն ու դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հավելելով՝ «մեր կյանք փողոցից ներխուժեց մի խուժան, որը գողացավ մեզանից մեր հաղթանակները, մեր հայրենիքը, մեր հպարտությունը»։
«Ես նրան ասել եմ ու ասելու եմ միշտ՝ հայրենիքի գող։ Բերձորի գողը այժմ էլ ուզում է առանց պայմանագրի, առանց որևէ իրավական հենքի, առանց զենքի, առանց պայքարի թշնամուն հանձնել մեր հայրենիքի այն հատվածը, որն ազատագրման օրվանից կոչվում է Կյանքի ճանապարհ»,- ասաց Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով Բերձորի, Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Էդգար Ղազարյանը նաև հայտարարեց՝ կործանելով Կյանքի ճանապարհը, Փաշինյանը խզում է Հայաստանի կապը Արցախի հետ։
«Լաչինի միջանցքը տարածք է, որով անցնում է նաև ճանապարհ։ Լաչինի միջանցքով անցնում է Արցախը Հայաստանի հետ կապող գազատարը, բարձրավոլտ էլեկտրագծերը, կապի միջոցները։ Դա միայն ճանապարհ չէ»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այժմ բանավոր պայմանավորվածություններով իրականացվում է Արցախը Հայաստանից կտրելու նոր խարդավանք։