Նոր մանրամասներ՝ «Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից
ՀասարակությունՀուլիսի 6-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից չորսը գտնվում են Այրվածքաբանության ազգային կենտրոնում: ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալ կենտրոնի փոխտնօրեն, գլխավոր բժիշկ Կարինե Բաբայանից:
«Հիվանդանոց ընդունված ժամանակ չորս հիվանդների (երեք տղամարդ, մեկ կին) վիճակն էլ ծանր էր գնահատվում, սկզբում նրանք գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում՝ 15, 20, 25 և 45 տոկոս այրվածքային խորը մակերեսներով: Նրանց մոտ առկա էին նաև շնչուղիների այրվածքներ: Այժմ երկու հիվանդի վիճակը կարգավորվել է, նրանք տեղափոխվել են այրվածքային բաժանմունք, իսկ մյուս երկուսը (25, 45 տոկոս այրվածքներով) առայժմ բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում: Պետք է նշեմ, որ 25 տոկոս այրվածք ստացած տիկնոջ մոտ դրական փոփոխություններ կան, իսկ մյուս հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,-նշեց Կ. Բաբայանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ժամը 09:03-ի սահմաններում «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն, նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: