Երեխաները քաջ գիտակցում են, որ իրենց հայրը անարդարության և օրենքի խախտման զոհ է
ՔաղաքականությունՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շուրջ երկու ամիս կալանքի տակ է: Բոլորը խոսում են միայն գործի իրավական կողմի մասին, բայց մոռանում են, որ այստեղ կա նաև բարոյական կողմ։ Շուրջ երկու ամիս, բնականաբար, ընտանիքն ու երեխաները զրկված են հորից։
Չալաբյանի կնոջ՝ Անահիտ Ադամյանի խոսքով՝ հիմա իրենց ընտանիքի համար շատ ծանր ժամանակաշրջան է.
«Բոլորս այս երկու ամսվա ընթացքում շատ ենք կարոտում Ավետիքին, մեծ հույս ունենք իրեն շուտով տեսնելու։ Երեխաներն էլ քաջ գիտակցում են, որ իրենց հայրը անարդարության և օրենքի խախտման զոհ է և այս պահի դրությամբ իրենք էլ սկսել են քաղաքականությամբ հետաքրքրվել, որ հասկանան անցուդարձից, թե ինչ է տեղի ունենում։
Մյուս կողմից, իհարկե այս անարդարությունը միայն մեզ չի վերաբերում, մեծ թվով այլ ընտանիքներ անարդարության զոհ են դառնում. մյուս քաղբանտարկյալների ընտանիքները, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք արդարություն են պահանջում և հետաքննություն են ուզում, այն ընտանիքները որտեղ զավակը կամ ամուսինը ռազմագերի է, և նրանք չեն կարողանում պատասխան ստանալ, թե երբ են վերջապես տեսնելու իրենց ընտանիքի անդամներին։ Այնպես որ, մենք քաջ գիտակցում ենք, որ մեծ խմբի մեջ ենք և բոլորս էլ աջակցություն ենք ստանում մեր ծանոթներից և ընկերներից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ադամյանը։
Մեր հարցին՝ ինչի՞ց են վախենում իշխանությունները, որոնք են Ավետիք Չալաբյանին փակի տակ պահելու շարժառիթները, հասարակական գործչի կինը պատասխանեց.
«Ինձ թվում է՝ ուղղակի այս իշխանությունը չի հանդուրժում կոմպետենտ մարդկանց, հայրենասեր մարդկանց։ Դա փաստ է, և տեսնում ենք որ մարդ, որը հայրենասեր է և Հայաստանի համար գործ է անում, կարողանում է հստակ բացատրել և՛ նպատակները, և՛ ճանապարհը, և՛ գործիքակազմը:
Դրանք երևի այս իշխանության համար վախենալու մարդիկ են, ինձ թվում է՝ ամենամեծ խնդիրը բոլոր գործոնների համադրությունն է, կոմպետենտությունը, հայրենասիրությունը և նպատակասլացությունը»։
Մարիամ Նալբանդյան