Զոհվածների մեջ որդուն փնտրած հայրը նրան ողջ է գտել
ՀասարակությունՍտեփանակերտի մամուլի ակումբի նախագահ և «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է.
44-օրյա պատերազմի ժամանակ մի օր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի դիմացի մայթին՝ «Պարկ հոթել»-ի առաջ հանդիպեցի լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ու լրագրող Էդիկ Բաղդասարյանին։ Մտահոգ զրուցում էինք օրվա անցուդարձի շուրջ, երբ մեզ մոտեցավ նիհար, սև մորուքով ու սև-մուգ շորերով մի ոչ տեղացի մարդ և ասաց, որ որդուն է փնտրում։ Ասաց, որ տղայի անուն-ազգանունը տեսել է զոհվածների պարբերաբար հրապարակվող ցուցակում, բայց չի կարողանում տեղը գտնել։ Հակոբն ու Էդիկը հարցուփորձ էին անում, հուշում, թե ում կարելի է դիմել և այլն։ Իսկ ես միայն մի բան ասացի։ Ասացի՝ մի վհատվեք, արդեն քանի դեպք եղել է, երբ չճշտված տեղեկություններ են եղել այդ ցուցակներում, որոնք հետո ճշտվել են։
Ծնողները երբեմն առաջին տեղեկությունը տեսնում էին, բայց ճշտող տեղեկությունը՝ ոչ։ Ասացի՝ այնպես որ, հույսներդ մի կորցրեք, Աստված մեծ է։ Պատերազմից հետո մեկ-մեկ մտովի աչքիս առաջ էր գալիս այդ մարդը, մտածում էի՝ տեսնես ի՞նչ եղավ հետո…
Ինչ որ է, այսօր փողոցում հանդիպեցի Հակոբին։ Խոսեցինք դեսից-դենից, այն օրերից։ Ու հարցրի, թե արդյո՞ք հիշում է այդ դրվագը։ Ասաց՝ հա, նիհար, սև մորուքով էն մարդը։ Ասում եմ՝ հա՛, հա՛, նույնի՛նքը։ Ասում է՝ որդուն ողջ է գտել։
Ահա այսպիսի բարի լուրով էլ սկսվեց օրս։ Բարի և օրհնյալ Կիրակի»։