Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, հողատարածքների բաշխվածությանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը, հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին, մինչ այժմ հողային բարեփոխումների շրջանակում կատարված որոշ աշխատանքներին: Քննարկվել են հողերի խոշորացմանը և հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը, հողերի մշակության և կոնսոլիդացման համար առաջարկվող տնտեսական մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրումը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը:
Վերը նշված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն: