Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է լրագրողներին` Մամուլի ազատության օրվա հետ կապված: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ լրագրողներ,
Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:
Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ եւ այլն։
Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։
Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար»։