Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային
ՍպորտՖուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը:
Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ստյուարդ Արմսթրոնգը: Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը: Շոտլանդիան անմիջապես օգտվեց ստացած առավելությունից և խաղակեսի ավելացված րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Արմսթրոնգը: Առաջին կես` Հայաստան-Շոտլանդիա` 1:2:
Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, Շոտլանդիան Հայաստանի դարպասն ուղարկեց նաև երրորդ գնդակը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ջոն Մըքքինը: Ընդամենը 4 րոպե անց` հյուրերը խփեցին նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Չէ Ադամսը: Հանդիպման վերջում էլ կարմիր քարտ ստացավ նաև Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով: