Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը. «Հայրենիք» Կուսակցություն
ՔաղաքականությունԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղակավարած «Հայրենիք» Կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրդառնալով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝
Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը: Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի վարկաբեկման արշավի և բացահայտ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը: Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է: Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը և հայտարարում, որ սին են քաղաքական կյանքը պատժիչ գործողություններով կասեցնելու վարչախմբի հույսերը: Իրավիճակից մեկ ելք կա` ռեալության զգացողությունը կորցրած Փաշինյանի անհապաղ հրաժարականը և ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը:
«Հայրենիք» կուսակցության խորհուրդ
14-ը հունիսի, 2020թ.