Ձայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան
ՔաղաքականությունՄայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, և դա միանշանակ է.
«Ես՝ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, դիմել եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին: Դա բացարձակ անհիմն կալանավորում է՝ ինչ-որ ակնհայտ մոնտաժված ձայնագրության վրա հիմնված, որտեղ, ի դեպ, խախտվել է նաև մարդկանց հեռախոսազրույց լսելու գաղտնիությունը։
Ձայնագրությունն այնքան ծիծաղելի է, այնքան ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են: Նորից եմ կրկնում` սա ակնհայտ ապօրինի կալանավորում է։ Ես դիմել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր քաղաքական խմբերին, մոնիթորինգի հանձնաժողովին՝ այդ խայտառակ ապօրինի կալանավորման վերաբերյալ»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:
Մարիամ Նալբանդյան